«Արտադրված է Արցախում» մակնշմամբ հագուստը պահանջված է

«Արտադրված է Արցախում» մակնշմամբ հագուստը պահանջված է


Գծագրից ձևածք, ձևածքից՝ հագուստ: Աստղիկ Պետրոսյանը մասնագիտությամբ հաշվապահ է, բայց ձևել ու կարել գիտի: Սկզբում պատվերներ էր ընդունում տանը, արդեն 8 ամիս Ստեփանակերտում արտադրամաս է հիմնել:
Աստղիկ Պետրոսյան (ընկերության հիմնադիր) — Սկսել ենք տրիկոտաժից ու կանացի հագուստից, կամաց-կամաց հասել ենք նրան, որ նաև մանկական ենք արտադրում:
Դա արդեն՝ պահանջարկից դրդված, բայց նպատակ ունեն ավելի զարգանալ՝ կանանց, տղամարդկանց, երեխաների, տարբեր տարիքային կատեգորիաների և չափսերի մարդկանց համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարդու առանձնահատկությունները:
Ինեսսան դիզայներ-մոդելավորող է, նաև որպես դերձակ է հմտանում: Կանցնի բուն աշխատանքին, երբ ամբողջությամբ պատրաստ լինի:
Ինեսսա Սարկիսյան (դիզայներ-մոդելավորող) — Աշխատում ենք հաճույքով, բոլորս էլ այստեղ սիրում ենք ստեղծագործել: Այստեղ ոչ թե զուտ աշխատում ենք, այլ հաճելի ժամանակ ենք անցկացնում:

Հաճելին օգտակար է, երբ սիրած գործով ես զբաղվում՝ ասում է փորձառու դերձակ Գայանեն: Նաև պատվերներ են ընդունում, գնորդի ցանկությամբ հագուստներ կարում: Ծավալներից ու տեմպից գոհ է:
Գայանե Աղաջանյան (դերձակ) — Իրացումը եթե լավ լինի, մենք շատ նպատակներ ունենք: Բոլորս միասին երազում ենք ավելի մեծ, ավելի ակտիվ աշխատանք: Ու առաջ ենք գնում: Տարբերությունը շատ շատ է՝ նկատվում է, մենք էլ ենք նկատում:
Արտադրամաս հիմնելու Աստղիկ Պետրոսյանի նպատակը կյանքի է կոչվել պետական աջակցությամբ՝ Արցախի բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոնի աջակցությամբ: Գործարար ծրագիրն իրականացվել է հատկացված փոխառությամբ:
Աստղիկ Պետրոսյան — Այն, ինչ բիզնես պլանով նախատեսված է եղել, հիմնականում դա արել ենք: Երկու սարքավորում է, որ դեռ ձեռք չենք բերել՝ դա տարածքի սղության պատճառով է: Որ տարածք գտնենք, հուսով ենք, ոչ թե հուսով ենք, այլ պարտավոր ենք դրանք էլ գնել, որպեսզի մեր գործն ավելի զարգանա:
Արտադրամասը զարգացնելուն զուգահեռ մտածում են ֆիրմային խանութի մասին: Ասում են՝ մեծ առավելություն ունեն շուկայում: «Արտադրված է Արցախում» մակնշումը գործի կեսն է: