Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է. Նիկոլ Փաշինյան

Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է. Նիկոլ Փաշինյան



«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է նախապատրաստում:
«Այս առումով պետք է ընդգծեմ այն սադրանքները, որոնք տեղի են ունենում մասնավորապես Լաչինի միջանցքում: Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում տեղի ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պիտի ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է»,- ասաց Փաշինյանը:
Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործողությունը, Փաշինյանի խոսքով, նշանակում է ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության երեք տարբեր սցենարներով:
«Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենար, երբ պարզապես ԼՂ հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում: Մենք այդպիսի մինի մոդելը տեսնում ենք ԼՂ Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով: Պիտի ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ փախստականների վերադարձ ԼՂ և հարակից շրջաններ: Բայց մինչև այսօր նույնիսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, ուր մնաց թե Հադրութի շրջանի բնակիչներն այդ հնարավորությունն ունենային:
Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել, ինքնության կորուստն է, որը նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է: Այսօր այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է ԼՂ տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է:

Երրորդ սցենարը բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի նախանշանները մենք նույնպես տեսել ենք ու տեսնում ենք՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց մինչև 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելն ու հրթիռակոծելը»,- ասաց Փաշինյանը: