Արցախի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները

Արցախի ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները



Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ: 
Հայտարարության մեջ ասվում է.
«Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային ռումբեր օգտագործած ադրբեջանցիները բնապահպանական պատրվակով վերջին օրերին երկրորդ անգամ արգելափակեցին Ստեփանակերտ-Գորիս կյանքի ճանապարհը` նոյեմբերի 9 (10)-ի եռակողմ համաձայնագրով միջանցքի կարգավիճակ ստացած մայրուղին:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմակերպված սադրիչ գործողությունները, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Դիմում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն, որպեսզի միասնական ջանքերով կանխենք ադրբեջանցիների ցանկացած սադրիչ գործողություն: Իր գոյապայքարի ընթացքում բազում դժվարություններ հաղթահարած մեր ժողովուրդը այս անգամ էլ կդիմակայի առկա և ապագա մարտահրավերներին:
Միջազգային հանրությանը կոչ ենք անում կոնկրետ քայլերով գործողություններ ձեռնարկել՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները:
Ռուս խաղաղապահներին հորդորում ենք եռակողմ համաձայնագրի շրջանակում առավել կոշտ միջոցներով կանխել ադրբեջանցիների նմանօրինակ հակամարդկային գործողությունները»: