Մեկ շաբաթ է՝ Արցախն ու Հայաստանը կապող միակ ճանապարհն օկուպացրել են մի քանի տասնյակ իբր էկոակտիվիստներ: Էկոլոգիայի ու էկոլոգների նկատմամբ ակնհայտ քամահրանքով ադրբեջանական ղեկավարությունն ու հասարակությունը մտահոգ են Արցախում Կաշենի հանքի շահագործմամբ: Հենց այդ երկրի քաղաքացիների պնդմամբ, իհարկե, եզակի քաղաքացիների, որոնք չեն վախենում հաշվեհարդարից, նավթի արդյունահանումը Ադրբեջանում իրականացվում է բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով, բազմաթիվ հանքեր շահագործվում են՝ հաշվի չառնելով էկոլոգիային հասցվող անդառնալի վնասը:
Ու հանկարծ մի քանի ակտիվիստ, որոնց սոցիալական էջերը ողողված են Ալիևի գերդաստանը մեծարող գրառումներով, ինքնաբուխ՝ Արցախի բնության համար անհանգստացած, որոշել են պայքարել հանուն էկոլոգիայի: Այս ակտիվիստները իրենց երկրում երևի ցույցեր էին կազմակերպում նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Բաքուն ֆոսֆորային զենք էր կիրառում Արցախի բնությունն ու մարդկանց ոչնչացնելու համար:
Հեգնանքն, իհարկե, հասկացաք. մորթե մուշտակներով ու աղավնիներ խեղդամահ անող վարձու աշխատուժը ոչ որևէ կապ, ոչ որևէ պակերացում ունի բնության պահպանության մասին: Նրանց նպատակը, ըստ փորձագետների, երկուսն է. նախ ճնշել հայ հասարակությանը՝ չկա «Զանգեզուրի միջանցքը», չի լինի նաև Լաչինինը տրամաբանությամբ, հետո լուծել նաև խիստ գործնական մի հարց՝ իրենցով անել պղինձ ու մոլիբդեն արդյունահանող հանքը: Ի դեպ, մտորման մի թեմա ադրբեջանցի սրտացավ էկոակտիվիստների համար. Արցախի այդ հանքը շահագործվել է 2013-ից, բայց դրա վրա որևէ իրավունք չունեցող Ադրբեջանը դեռ 1997-ին էր գնորդ ճարել ու խոստացել շատ շուտով վերահսկողություն հաստատել հանքի ու ընդհանրապես Արցախի վրա:
Միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի դատապարտումն էր. հումանիտար միջանցքը չի կարող փակվել:
Խաղաղապահներ գործուղած Մոսկվայի համոզմունքը, դեռ հինգշաբթի օրը, որ տրանսպորտային հաղորդակցությունը շուտով կվերականգնվի:
Կյանքի ճանապարհն ակտիվիստներով խցանելու Բաքվի մարտավարությունն ու դրա հնարավոր հետևանքները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: