6-ամյա Էդվարդի ծնողները Երևանից Ստեփանակերտ էին ուղևորվել դեկտեմբերի 13-ին՝ հայրը հետվիրահատական հետազոտության էր: Լաչինի շրջափակման հետևանքով նրանք շարունակում են մնալ Հայաստանում: Իսկ երեխայի խնամքով տատիկներն ու պապիկն են զբաղվում:
Զոյա Բարսեղյան (Ստեփանակերտի բնակիչ) — Ձգտում ենք փոխարիներ ծնողներին, բայց, իհարկե, դա հնարավոր չէ՝ հատկապես որ ինքը շատ է կապված պապայի հետ: Գտնում է, որ ինքը արդեն տղամարդ է, մեծ է՝ մեզ շատ չի ենթարկվում:
Խնամիներով մի երեխա են պահում՝ կեսկատակ, կեսլուրջ նկատում է տիկին Զոյան: Տնայիններն անում են, երեխային դասի տանում՝ հույսով, որ կյանքի ճանապարհի բացումը շատ չի ուշանա:
Զոյա Բարսեղյան — Սիրում է դրսում հեծանիվ քշել, մեքենա քշել, էտ մասն էլ ենք ապահովում:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում են: Սնունդը, առաջին անհրաժեշտության պարագաներն ու հոգեբանական ծառայությունն ապահովում են սոցիալական աշխատողները: Նուրվարդ տատիկը Մարտակերտից է եկել, որ թոռների մոտ մնա:
Նուրվարդ Մովսիսյան (Մարտակերտի բնակիչ) — Ամեն մի երեխա ունի իր ծնողի կարիքը՝ անկախ տարիքից: Ես չեմ կարող փոխարինել ծնողին, բայց իմ ուժերի չափով ուզում եմ օգնած լինել Ջուլիետային՝ Մարիամին պահելու համար:
Մարիամի ու Ջուլիետայի ծնողները քրոջը բժշկի էին տարել Երևան: Եկել, մնացել են Գորիսում, սպասում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի բացմանը: Ծնողների կարոտից երկու տարեկան Մարիամը ջերմում է, օրը մի քանի անգամ տեսակապով խոսում նրանց հետ:
Ջուլիետա Կարապետյան (Ստեփանակերտի բնակիչ) — Դասերս լրիվ խաթարված են, այս 10-15 օրում հասցրել եմ ընդամենը երկու անգամ համալսարան գնալ, որովհետև առանց ինձ չի մնում, մնալուց էլ շատ է կամակոր լինում: Բնական է, երեխա է, կապված է, ու այս պահին իր համար ես եմ ավելի մոտիկ, քան տատիկը:
Ստեղծված իրավիճակում Արցախի 120 հազար բնակիչ, որից 30 հազարը երեխա, կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև: Ճանապարհի արգելափակման հետևանքով տուն չի կարողանում վերադառնալ 1100 քաղաքացի, 270-ն անչափահաս է: