Արդեն 11 օր է Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանցիները, ովքեր ներկայանում են բնապահպաններ, փակել են Լաչինի միջանցքը, որը միակ ճանապարհն է Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխաիհին կապող։ Օրհասական է դառնում հումանիտար աղետը Արցախում։
Կեղծ բնապահպանությամբ քողարկված այս անմարդկային իրողությունը դարձյալ տարբեր ամբիոններից քննարկման եւ հերթական անգամ խաղաղության մասին լոկ կոչեր հնչեցնելու առիթ է։ Այնուամենայնիվ կարևոր է ինչպես միջազգային կառույցների արձագանք, այնպես էլ հարևան երկրների դիրքորոշումը։ Վրացական կողմը մինչ այժմ պաշտոնական որևէ տեսակետ չի հայտնել Արցախի շրջափակված լինելու հետ կապված։
Ի տարբերություն Վրաստանի, Իրանը պաշտոնական դիրքորոշում հայտնել է։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը, ընդգծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորվորելու կարևորությունը։ Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ իրանական կողմը կարծում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջակետ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին։
Թեմայի վերաբերյալ իրանագետ Արմեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց հետեւյալը.
«Իրանը այս հարցում ընդամենը մեկ պաշտոնական հայտարարություն է արել եւ հույս հայտնել խաղաղ ճանապարհով տարաձայնության կարգավորման անհրաժեշտությունը։ Այս հարցում Իրանը ավելի չեզոք դիրքորոշում ունի, քան Հայաստանի Հանրապետության սահմանների հետ կապված խնդրի վերաբերյալ, մասնավորապես Սյունիքի հատվածում սահմանների վերաձեւավորումը կարող է վտանգ ստեղծել Իրանի համար եւ թուրք֊ադրբեջանական տանդեմից խորը կախման մեջ գցել։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, իրանը Միշտ կողմ է եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,-նշում է Իրանագետը։
Արմեն Վարդանյանը ապատեղեկատվություն համարեց մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե ի պատասխան Լաչինի միջանցքի փակմանը` Իրանը փակել է իր տարածքով անցող Բաքու-Նախիջևան ավտոճանապարհը։
Ըստ նրա վաղ թե ուշ ադրբեջանցիները կհեռանան եւ Արցախի կապն արտաքին աշխարհի հետ կվերականգնվի, իրանագետը չի կարող ենթադրել, թե երբ, սակայն հույս է հայտնում որ շուտով կբացվի Լաչինի միջանցքը։