Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում


Մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհը և ուզում են բարձրանալ դեպի Շուշի՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները:
Ցույցին մասնակցողներից կազմված փոքր խումբը՝ ոստիկանների ուղեկցությամբ, հասել է մինչև ռուս խաղաղապահների առաջին անցակետը, ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմի ստանձնած պարտավորությունները, նաև փաստել, որ ադրբեջանական բնապահպանական պատճառաբանությունները կեղծ են:
Տիգրան Պետրոսյան (ակտիվիստ) — Մենք ռուսական ղեկավարությունից, Վոլկովից պահանջում ենք, խնդրում՝ ուժով, թե ուրիշ կերպ դուք պետք է ապահովեք ճանապարհի անվտանգությունը:
«Եթե բնապահպանական խնդիրներ կան Արցախում, թող տեղում ուսումնասիրություն կատարեն միջազգային անկախ փորձագետները»,- ասում է ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը:
Տիգրան Պետրոսյան — Անկախ փորձագիտական մի խումբ ձևավորեն միջազգային, թող գա, ստուգի, մեզ էլ է շատ հետաքրքիր, տեսնենք` մեր հանքը իրոք վնասակա՞ր է մեր առողջությանը: Եթե վնասակար լինի, մենք փակելու ենք այդ հանքը, բայց ի՞նչ գործ ունի ադրբեջանցին, գա, մեր հանքը ստուգի:
Ակտիվիստ Քրիստինե Բալայանը կարծում է, որ բավական է հանդուրժել արցախահայության իրավունքների ոտնահարումը, պետք է դուրս գալ և պայքարել իրավունքների պաշտպանության համար:
Քրիստինե Բալայան (ակտիվիստ) — Մենք պիտի մի բան անենք ու ցույց տանք աշխարհին, չէ՞ որ այս պահի դրությամբ պայքարում են մեր այս փակ ճանապարհի համար:
Անցակետի հրամանատարը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարը բանակցում է ադրբեջանցիների հետ, և որ արցախցիների այցն այնտեղ կարող է սրել իրավիճակը:
Արթուր Գրիգորյան (ակտիվիստ) — Ամեն օր սպասում էինք, որ ուր որ է` արդարությունը կհաստատվի, բայց արդեն տեսանք, որ դանակը ոսկորին է հասնում. մարդիկ ունեն տարրական խնդիրներ: 21-րդ դարում ինչ հակամարդկային արարքներ կատարվում են Ադրբեջանի կողմից, ուղղակի անհասկանալի և անընդունելի են:
Բանակցությունների ընթացքում արցախցիներն ապահովել են խաղաղապահների բեռնատարների երթևեկությունը: Որոշ ժամանակ անց խաղաղապահները տեղեկացրել են, որ իրենց ուղեկցությամբ ակտիվիստները կարող են շարունակել և անցնել ճանապարհի փակ հատվածը, սակայն ակտիվիստները պահանջել են ճանապարհի բացում ոչ թե ձևական՝ մի քանի հոգու համար, այլ ազատ երթևեկություն Հայաստանի ու Արցախի միջև:
Տիգրան Պետրոսյան — Մենք ուզում ենք, որ ճանապարհը բաց լինի, մեկ անգամ պետք չէ բացել ճանապարհը, դա մեզ համար ընդունելի չէ, դուք պետք է ձեր պարտավորությունը կատարեք:

Արցախցի ակտիվիստները ռուս խաղաղապահներին ասել են, որ եթե մինչև վաղը Ստեփանակերտ-Գորիս մայրուղին չբացվի, հանրահավաք կանեն ու կքայլեն դեպի ճանապարհի արգելափակված հատվածը: