Չինաստանի միջնորդությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները կսկսվեն տարեվերջին. Քիսինջեր

Չինաստանի միջնորդությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները կսկսվեն տարեվերջին. Քիսինջեր



ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը, հնարավոր է, մոտենում է շրջադարձային կետին: «Այժմ, երբ Չինաստանը մտել է բանակցությունների մեջ, կարծում եմ, որ մինչև տարեվերջ դրանք կհասնեն գագաթնակետին»,- ասել է նա CBS-ին՝ նշելով, որ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացներին և նույնիսկ իրական բանակցություններին:
Երբ Քիսինջերին հարցրել են, թե արդյոք ամերիկացի առաջնորդի խնդրանքով կհամաձայնի՞ գնալ Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, նա դրական է պատասխանել, միաժամանակ հավելել, որ Մոսկվա կմեկներ միայն որպես ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական:
Украинская правда-ն հիշեցրել է, որ հուլիսին Հենրի Քիսինջերը հորդորել է Մոսկվայի հետ հնարավոր ապագա բանակցությունների ժամանակ չզիջել Ուկրաինայի տարածքները, որոնք գրավվել են պատերազմի ժամանակ։
ТАСС-ն էլ հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը. «Մոսկվան երբեք չի հրաժարվում բանակցություններից, սակայն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ երկխոսությունը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն Ռուսաստանի օրինական շահերն ու մտահոգությունները»։

Այս տարի լրանում է Քիսինջերի 100-ամյակը: Չնայած նա դժվար է լսում, մի աչքը կույր է և սրտի բազմաթիվ վիրահատություններ է տարել, այնուամենայնիվ, աշխատում է օրական մոտ 15 ժամ և, անհավատալիորեն, մնում է իրազեկված և պահանջված համաշխարհային մասշտաբով: