Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին դեպքերին՝ տարածելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելի թվիթերյան գրառումը: Պատելն այդ գրառման մեջ Ադրբեջանի վերջին սադրանքը բնութագրել է որպես «փոխհրաձգություն՝ Հայաստանի Սոթք գյուղի մոտ»:
«Նախ՝ դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ ադրբեջանական բանակի հերթական չհրահրված հարձակումը, որը նման է ԻՊ-ի ռազմական գործողություններին: Հայկական բանակն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել մեր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։
Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանն իր օկուպացիոն ուժերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններ, այսինքն՝ այն վարչական սահմանները, որոնք գոյություն ունեին երկու երկրի միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։
Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում։