Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներին:
«Անպատժելիությունը ծնել է նոր հանցագործություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի և խաղաղ ժողովրդի դեմ: Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են երեկվա հարձակումները հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող գործարանի վրա և վիրավորել շինարարության վրա աշխատող 2 օտարերկրյա քաղաքացիների:
Մենք նախկինի պես անհամբերությամբ սպասում ենք մեր բոլոր գործընկերների կողմից ագրեսիայի անվերապահ դատապարտմանը, որը տեղի է ունենում շարունակվող խաղաղ բանակցությունների ընթացքում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Էդմոն Մարուքյանը։