Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրգործը կփակվի. նա կտեղափոխվի Բելառուս

Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրգործը կփակվի. նա կտեղափոխվի Բելառուս



«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի, սակայն նա կհեռանա Բելառուս: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա չի մանրամասնել, թե Բելառուսում ինչով է զբաղվելու Պրիգոժինը:
Հարցին` արդյոք ՌԴ նախագահը նախկինի պես վստահում է երկրի պաշտպանության նախարարին, Պեսկովը պատասխանել է.
«Այս առումով որևէ փոփոխություն ինձ հայտնի չէ»:
Պեսկովը նաև տեղեկացրել է` «Վագներ» ընկերության այն ռազմիկները, որ մասնակցել են այսօրվա իրադարձություններին, հետապնդման չեն ենթարկվի: Վերջիններս, ցանկության դեպքում, կկարողանան պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, իսկ Պրիգոժինի հետ բանակցությունների ընթացքում, ըստ Պեսկովի, ՌԴ ՊՆ-ում կադրային վերադասավորումների հարցը չի քննարկվել:
ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է, որ Մինսկի միջնորդությունը Բելառուսի նախագահի անձնական նախաձեռնությունն է եղել: Նրա խոսքով` գերագույն նպատակն էր խուսափել արյունահեղությունից և ներքին առճակատումից, հենց այդ նպատակին էին ուղղված Լուկաշենկոյի ջանքերը։
Պեսկովը շեշտել է` այսօրվա գործողությունը որևէ կերպ չի ազդել ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ընթացքի վրա. «ռուս մարտիկները հաջողությամբ դիմագրավում են հակահարձակմանը, ռազմական գործողությունները կշարունակվեն»:

Պեսկովը նաև հայտնել է, որ Պուտինն առաջիկայում նոր ուղերձով հանդես չի գա: