Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի

Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի



Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է տեղեկություն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրան կատարած այցի մասին:
«Հայաստանի ԱԽ քարտուղարի Իրան կատարած այցը երկկողմ հարաբերությունների և Կովկասի զարգացումների շուրջ երկկողմ շփումների ու բանակցությունների շրջանակներում է և կապված է նաև Կովկասում վերջին զարգացումների հետ: Հայաստանի ԱԽ քարտուղարի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի միջև բանակցությունների ժամանակ հայ պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումների և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը: Իրանը Կովկասի զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել, կարևորել է տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, կայունության, կայուն անվտանգության հաստատման համար տարածաշրջանային, ինչպես նաև հարևանների հնարավորությունների օգտագործումը:
Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այսօր սպասվում է Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ: Ըստ Քանանիի՝ այս շրջանակներում երկխոսությունները շարունակվում են, քանի որ Կովկասի զարգացումներն Իրանի համար կարևոր են, Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Էրդողանի հայտարարությանը՝ Քանանին ընդգծել է. «Մենք կողմ ենք հաղորդակցության ուղիների զարգացմանը, որոնք կապահովեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Բայց, միաժամանակ, դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»,- ասել է ԱԳՆ խոսնակը: