Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է. Զախարովա

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է: Մարիա Զախարովայի խոսքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքը 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն են:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբն արդեն 12 հանդիպում է անցկացրել, մանրամասն ուսումնասիրվել է երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների փաթեթը: Վերջին հանդիպման արդյունքում առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման տարբերակների համաձայնեցման հարցում։ Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման հստակ քայլերի վերաբերյալ:
Այս աշխատանքում ելնում ենք փոխադարձության, նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման անհրաժեշտությունից: Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում առաջընթացը լրացուցիչ խթան կհաղորդի մյուս ուղղություններով եռակողմ աշխատանքին։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման և սահմանազատման մասին է»: