Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեպսը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն պնդմանը, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան «մեծ սխալ» կլինի։ Այդ մասին պաշտոնյան հայտարարել է Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում, գրում է Politico-ն։
Ավելի վաղ Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Գազայի հատվածն օկուպացնելու գաղափարը «սխալ» է համարում։ Այնուամենայնիվ, ամերիկացի նախագահը կարծիք է հայտնել, որ երկու պետությունների գոյակցության գաղափարը մոտ ապագայում չի իրականացվի։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը համոզված է, որ Իսրայելը պետք է որոշի ինչ գործողություններ իրականացնի, և այդ հարցում Լոնդոնը չի պատրաստվում խորհուրդ տալ: Politico-ն նշում է, որ Շեպսի խոսքը ցուցադրում է «փոքր, լուռ պառակտում Վաշինգտոնի և Լոնդոնի միջև», որը կարող է «մի փոքր ավելի անհարմար» դարձնել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այցը Վաշինգտոն: