Աշխարհը մոռանում է անցյալը, մենք կրկնում ենք պատմության ամենամութ դրվագները ոչ միայն Իսրայելում, այլև Արցախում՝ X-ի միկրոբլոգում գրել է Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը:
Գրառմանը կից նա ներկայացրել է Սենատում ունեցած ելույթը, որում հորդորում է առանց ուշադրության չթողնել հայ ժողովրդին։ Նա հիշեցրել է, որ մի շարք կառույցներ, փորձագետներ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի գործողությունները ցեղասպանություն են որակել:
«Արցախի բնիկ հայերն այժմ աներևակայելի աղետի են բախվել։ Մեր բարոյական պարտքն է արձագանքել՝ ոչ միայն խոսքերով, այլև գործողություններով: Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, ռազմական ուժ կիրառելով, գնդակոծելով քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին, սրեց ճգնաժամը:
Ընդամենը 1 շաբաթվա ավելի քան 100 հազար անմեղ քաղաքացի ստիպված էր լքել պապերի հայրենիքը: Ինչի հետևանքով հումանիտար աղետ ստեղծվեց ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում, որն ընդունել է փախստականներին: Կանադան պարտավոր է միջամտել և պաշտպանել բնակչությանը էթնիկ զտումներից ու ցեղասպանությունից։ Սա որոշիչ պահ է Կանադայի և աշխարհի մյուս ժողովրդավարությունների համար: Մենք պետք է աջակցենք այնպիսի ժողովրդավարություններին, ինչպիսիք են Հայաստանը, Արցախը և շատ այլ երկրներ:
Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներ պետք է կիրառվեն, Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ։ Արցախի՝ ավելի քան 4000 տարվա ժառանգություն ունեցող բնիկ հայ համայնքն ինքնորոշման իրավունք ունի: Բնիկ հայերին բնաջնջում և դուրս են շպրտում իրենց տներից միայն այն պատճառով, որ նրանք հայ են։ Ընդ որում՝ սա արդեն երկրորդ ողբերգությունն է մեկ դարում։
Երբ ճանաչում էինք Հայոց ցեղասպանությունը, ելույթներ էինք ունենում, թե թույլ չենք տա՝ այդ ողբերգությունը կրկնվի: Բայց, ահա՛, դա տեղի է ունենում հենց հիմա, մինչդեռ մենք խոսում ենք։ Այնուամենայնիվ, բոլորը մոռացել են այդ մարդկանց մասին, քանի որ աշխարհում էսկալացիայի նորանոր օջախներ են բացվում:
Այդ ժողովուրդը տառապում է, տեղահանվածների համար մի քանի միլիոնի աջակցություն հայտարարելը, ճիշտն ասած, ամոթալի է… Արդեն շատ ուշ է: Եթե բռնակալների վրա ճնշում չգործադրվի, նրանք կանգ չեն առնի: Միայն այն պատճառով, որ Արցախը և Հայաստանը նավթ ու գազ չունեն, նրանք մեզ համար պակաս կարևոր չպետք է լինեն»,- նշել է Հուսակոսը։
Around the world today, we are seeing the consequences of forgetting our past. We are repeating the darkest parts of our history, not just in Israel, but also in places like #Artsakh. PLEASE WATCH as I plead for the Armenian people not to be forsaken. https://t.co/MT1HAr25E2
— Senator Leo Housakos (@SenatorHousakos) October 20, 2023