Իսրայելը դադարեցնում է վիզաների տրամադրումը ՄԱԿ-ի աշխատակիցներին Գուտերեշի հայտարարությունից հետո

Իսրայելը դադարեցնում է վիզաների տրամադրումը ՄԱԿ-ի աշխատակիցներին Գուտերեշի հայտարարությունից հետո



Իսրայելը մերժել է վիզա տրամադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ  Մարտին Գրիֆիթսին և մտադիր չէ տրամադրել նաև կազմակերպության մյուս աշխատակիցներին: Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենն էլ հայտարարել է, որ չի հանդիպելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Իսրայելական կողմի վրդովմունքի պատճառն Անտոնիո Գուտերեշի հայտարարությունն է, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա տեղի չի ունեցել «առանց պատճառի»: Նա նշել էր, որ «Պաղեստինի ժողովրդի դժգոհությունները չեն կարող արդարացնել ՀԱՄԱՍ-ի հրեշավոր հարձակումները», միաժամանակ հավելել, որ «այս սարսափելի հարձակումները չեն կարող արդարացնել պաղեստինցի ժողովրդի հավաքական պատիժը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ վրդովված է Իսրայելի սխալ մեկնաբանություններից: «Ես ցնցված եմ Անվտանգության խորհրդում երեկվա իմ որոշ հայտարարությունների սխալ մեկնաբանությունից, իբր դրանք արդարացնում են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունները, դա ճիշտ չէ»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն է պաշտպանել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը` այն համարելով ճիշտ և պարտականություններին համապատասխան: Իսկ Գուտերեշի վրա Իսրայելի հարձակումները նա անվանել է ահաբեկչության, բարոյական և քաղաքական շանտաժի փորձ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պաշտպանել է նաև Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը: Նրա կարծիքով՝ կազմակերպության գլխավոր քարտուղարն արտահայտում է աշխարհի հասարակությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումը: «Նրանք ցանկանում են մարդասիրական դադար, մարդասիրական օգնություն, որը կկանգնեցնի այս հումանիտար աղետը»,- ասել է Սանչեսը։

Նա, միաժամանակ, հավելել է, որ ներկայիս ճգնաժամի պատճառը ՀԱՄԱՍ-ի հարձակումն է Իսրայելի վրա։