ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Իսրայելի և Գազայի իրադրության վերաբերյալ երկու բանաձևի նախագիծ՝ ամերիկյանն ու ռուսականը, հաղորդում է Բրազիլիայի մշտական ներկայացուցչությունը, որը նախագահում է Անվտանգության խորհրդում։
Ըստ ներկայացուցչության, ԱՄՆ-ի բանաձևի նախագծում ասվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «միանշանակորեն մերժում և դատապարտում է ՀԱՄԱՍ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների սարսափելի ահաբեկչական հարձակումներն Իսրայելի վրա»։
Փաստաթուղթը վերահաստատում է Իսրայելի անհատական և հավաքական ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը։ Տեքստը կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել «ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված» պատանդներին։ Նախագիծը կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանությունը:
Ռուսաստանը հայտարարել է, որ չի աջակցի ԱՄՆ բանաձևին՝ հրադադարի կոչի բացակայության պատճառով։ Մոսկվան իր հերթին այլընտրանքային նախագիծ է պատրաստել։ Այն անհապաղ, կայուն հրադադարի կոչ է անում, դատապարտում է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումը, ինչպես նաև Գազայում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անկանոն հարձակումները, կոչ է անում անհապաղ վերացնել Գազայի բնակիչներին տարածաշրջանի հարավ տեղափոխելու հրամանը, կազմակերպել հումանիտար դադարներ և մարդասիրական միջանցքներ, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել քաղաքացիական պատանդներին:
Ռուսական բանաձևը կքննարկվի ամերիկյանից հետո: