ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
«Երևանի նախաձեռնությունը շատ հարցերում համահունչ է այն ծրագրերին, որոնք վերջին տարիներին քննարկվում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Այն զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և, մեր խորին համոզմամբ, կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացում, նպաստում է ամբողջ Հարավային Կովկասի կայունացմանը, տարանցիկ և լոգիստիկ ներուժի բացահայտմանը: Երեք երկրների ղեկավարները այդ եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման որոշումը կայացրել են Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց: Արդեն խմբի 12 նիստ է անցկացվել, մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակի գնահատման մասով, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցության օպտիմալ ծրագրերի ընտրության հարցում: Հաջողվել է սերտորեն մոտենալ բոլոր կողմերի համար շահավետ փաթեթային լուծման:
Ցավոք, այդ հարցերում վերջակետ դնել դեռևս չի հաջողվել: Ինչ-որ մեկը բավարար քաղաքական կամք չունի դա անելու համար, և դա մենք չենք: Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ հայտարարությունների հիման վրա: Այնտեղ հստակ նշված է Ռուսաստանի դերակատարումը»,- ընդգծել է Զախարովան:
Նա անդրադարձել է նաև Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, ինչպես նաև դրանցով ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ-ի կազմում ստեղծված ստորաբաժանմանը:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ վերոնշյալ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու լավ հարթակ է տարածարջանային խորհրդատվական «3+3» ձևաչափը: Նա հույս է հայտնել, որ 2024 թ. Թուրքիայում նախատեսված հանդիպմանը կքննարկվեն տրանսպորտային հարցեր:
«Այս ձևաչափում Երևանի կառուցողական առաջարկները, վստահ եմ, պահանջված կլինեն»,- եզրափակել է Զախարովան: