ԱՄՆ ՄԶԳ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելուն. Սոկոլովսկի

ԱՄՆ ՄԶԳ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելուն. Սոկոլովսկի

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման բացման ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին ասել է. 

 

«ԱՄՆ ՄԶԳ-ն և մեր գործընկեր գործակալությունները սերտորեն աշխատել են՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին արձագանքելու համար: Ամիսներ շարունակ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով տարածաշրջանում իրավիճակը գնալով վատթարանում էր: Դրա պատճառով առաջացել էր սննդամթերքի, էներգիայի, դեղորայքի և այլ պարագաների սղություն: ԼՂ-ում հումանիտար իրավիճակն էլ ավելի վատթարացավ սեպտեմբերի 19-ի բախումներից հետո: Դրա պատճառով ԼՂ բնակչությունը՝ ավելի քան 100 000 մարդ, երկու շաբաթից էլ պակաս ժամանակում հեռացավ այնտեղից: Այդ մարդկանցից շատերի մոտ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացել էին քրոնիկ հիվանդություններ, սթրես:

 

Հարձակումից 4 օր անց ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերն այցելեց Հայաստան՝ արտահայտելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանին, ԼՂ ժողովրդին և որպեսզի հետևի, թե ինչպես է մեր գործակալությունն աջակցում ԼՂ-ից հեռացած հայերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Փաուերն ընդգծեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ ժամանող տեղահանված անձանց օգնելու հարցում: Կառավարիչ Փաուերն այցելեց նաև Հայ-ադրբեջանական սահման, որպեսզի հանդիպի ԼՂ-ն լքած հայերի  և տասնյակ հազարավոր՝ ժամանած մարդկանց հետ աշխատող մարդասիրական կազմակերպությունների հետ: 

 

Աջակցության հավելյալ միջոցների մասին հայտարարելուց հետո կառավարիչ Փաուերն այցելեց Ադրբեջան, հանդիպեց նախագահ Իլհամ Ալիևի հետ, որպեսզի հայտնի խոր մտահոգությունը՝ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման կապակցությամբ և որպեսզի Ադրբեջանի իշխանության վրա ճնշում գործադրի՝ տարածաշրջանում մարդասիրական հասանելիություն ապահովելու, հայկական կրոնական և մշակութային վայրերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև, որպեսզի հստակ քայլեր ձեռնարկվեն՝ էթնիկ հայերին վստահություն ներշնչելու, որ նրանք կարող են ապահով վերադառնալ: Պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը նշեց 11,5 միլիոն դոլարի աջակցության մասին: Դրան գումարած՝ ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանյան գրասենյակի գործող ծրագրերից  ներգրավել է հավելյալ մոտ 6 միլիոն դոլար՝ ստեղծված ճգնաժամին արձագանքելու նպատակով: Այդ օգնությունը ներառում է ժամանած փաստականներին սննդի, հիգիենայի պարագաների և Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ աջակցության տրամադրում:

 

Անցած ամիս ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի օգնականը ժամանել էր Կովկաս՝ ստանալու թարմ տեղեկություններ: Հոկտեմբերի սկզբին ես նույնպես այցելեցի Հայաստան՝ հանդիպելու ԼՂ-ն լքած հայերի հետ: Նպատակներիցս մեկն էլ Հայաստանի կառավարությանը խորհրդատվություն տրամադրելն էր, թե ինչպես կարող ենք գործակցել նաև ապագայում՝ ԱՄՆ ՄԶԳ ընթացիկ ջանքերը գնահատելու համար:

 

Մի կարևոր բան, որ ես արձանագրեցի իմ այցի ընթացքում. տեղահանված անձանց կողմից Հայաստանի հանդեպ անկեղծ գնահատանքը և կառավարութան ջանքերի դրական գնահատականը: 

ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է Հայաստանին տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը՝ ապահովելու երկրի տնտեսական դիմակայունությունը, բարելավելու հանրային ծառայությունների տրամադրումը և կոնսոլիդացնելու ժողովրդավարական բարեփոխումները:

 

Անցած շաբաթների ընթացքում մենք Հայաստան ենք գործուղել հավելյալ փորձագետների, որոնք կօգնեն կառավարությանը՝ երկրի կառավարման և էներգետիկ դիմակայությունն ապահովելուն աջակցելու հարցում: Կոնգրեսի աջակցության շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն 2018 թ. ֆինանսական տարուց մինչև հիմա ավելի քան 50 տոկոսով ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Այդ աջակցության շնորհիվ մենք խորացրել ենք համագործակցությունը ՀՀ կառավարության, քաղհասարակության հետ և օգնել ենք Հայաստանին՝ արագացնել տնտեսական բարեփոխումները, ուժեղացնել քաղաքացիական ներգրավվածությունը, դիվերսիֆիկացնել էներգետիկան, աջակցել՝ ստեղծելու ավելի բազմակարծիք տեղեկատվական միջավայր: 

 

Մենք նաև օգնում ենք Հայաստանին՝ արևմտյան երկրների հետ ստեղծելու առևտրային կապեր, կանանց և երիտասարդների համար տնտեսական նոր հնարավորություններ ստեղծելու հարցում: ԱՄՆ ՄԶԳ-ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելուն: Այդ նպատակով մենք սկսել ենք իրականացնել տարածաշրջանային ծրագիր, որն ուղղված է տարածաշրջանի երեք երկրին: Այն ներառում է գյուղական համայնքների զարգացումը, բնական պաշարների կառավարումը: Այդ ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն ցանկանում է ստեղծել տարածաշրջանային գործակցություն»: