Ուժեղ Իսրայել, թույլ Իրան կամ երրորդ համաշխարհային պատերազմ՝ անկանխատեսելի հետևանքներով

Ուժեղ Իսրայել, թույլ Իրան կամ երրորդ համաշխարհային պատերազմ՝ անկանխատեսելի հետևանքներով

Արևելագետ Արմեն Պետրոսյանը 1lurer.am-ի թղթակցի հետ զրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների վրա ՀԱՄԱՍ-Իսրայել պատերազմի հնարավոր ազդեցության մասին։

 

ԼՂ- Պաղեստին. «հին» աշխարհակարգի ծանր ժառանգությունը և դրանից ազատվելու փորձերը 

 

Արևելագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ աշխարհակարգի փոփոխության այս բարդ շրջանում ՀԱՄԱՍ-ն իր հարձակմամբ առիթ տվեց Իսրայելին՝ փորձել վերջնականապես լուծել պաղեստինյան հարցը։ Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը, որին Ալիևը դիմեց, օգտվելով «ներկա աշխարհակարգի փոփոխության իրողություններից», ինչ-որ առումով կանաչ լույս վառեց Իսրայելի առաջ. «Քանի որ Ադրբեջանին հաջողվեց սեփական օրակարգի շրջանակում լուծել այդ խնդիրը, Իսրայելը ևս ոգևորված դիմեց այդպիսի լուծման: Բայց պետք է հաշվի առնել, որ Իսրայելն իր գործողությունը սկսեց կյանքի կոչել ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո. եթե ՀԱՄԱՍ-ի կողմից նման հարձակում չլիներ, ապա Իսրայելը հիմքեր չէր ունենա այս մասշտաբով գործողություն իրականացնելու»,- վստահ է փորձագետը: 

 

Պետրոսյանը նկատում է, որ ՀԱՄԱՍ-ն ուներ Իսրայելի վրա հարձակման իր դրդապատճառը՝ խափանել արաբական աշխարհի հետ Իսրայելի խաղաղության գործընթացը, որին նոր լիցք էր հաղորդել Բայդենի վարչակազմը: 2020 թվականին Իսրայելը հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման շուրջ համաձայնագրեր էր ստորագրել Սուդանի, Բահրեյնի, ԱՄԷ-ի, Մարոկկոյի հետ՝ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ: Հիմա եկել էր Իսրայել-Սաուդյան Արաբիա հաշտեցման ժամանակը: 

 

«Աբրահամյան համաձայնագրերի»* շրջանակում սպասվում էր խաղաղության պայմանագրի ստորագրում արաբական աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկի՝ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև, երբ ՀԱՄԱՍ-ն սկսեց Իսրայելի դեմ ռազմական գործողությունը։ «ՀԱՄԱՍ-ը նպատակ ուներ կանխել հնարավոր զարգացումը, որպեսզի այսպես կոչված հակաիսրայելական ընդհանուր արաբական ճակատը հերթական մեծ, անվերականգնելի կորուստ չկրի՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի»,- համոզված է փորձագետը:

 

Ըստ Պետրոսյանի՝ Լեռնային Ղարաբաղում կատարվածի և Գազայի հատվածում տեղի ունեցողի միջև «տրամաբանական որոշակի կապ» կա այնքանով, որ երկու հակամարտություններն էլ փլուզվող աշխարհակարգի ժառանգություն են, որից ազատվելու փորձերի ականատեսն ենք հիմա: 

 

Ուժեղ Իսրայել, թույլ Իրան կամ երրորդ համաշխարհային պատերազմ 

 

Արևելագետ Արմեն Պետրոսյանի վերլուծությամբ՝ եթե Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը վերաճի տարածաշրջանային մեծ պատերազմի, չի բացառվում, որ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմը, որի արդյունքը վճռորոշ կլինի նոր աշխարհակարգի ձևավորման վրա: «Իսկ եթե պատերազմը շարունակվի այն ընթացքով, որով հիմա գնում է, ուղիղ հետևանքը լինելու է Իրանի թուլացումը, որից, բնականաբար, օգտվելու են տարածաշրջանում Իրանի հիմնական մրցակիցները՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան»,- ասում է փորձագետը։ Հենց դրանով է բացատրվում, որ, չնայած Էրդողանի հակաիսրայելական կոշտ հայտարարություններին, Թուրքիան որևէ առարկայական քայլ չի ձեռնարկում, իր բնորոշմամբ, «պաղեստինցիների ցեղասպանությունը» կանխելու համար։ «Ներկայում արդեն զգացվում են Իրանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի հստակ թիրախավորումն առ այն, որ նրանք չեն դադարեցնում թուրքական ենթակառուցվածքներով ադրբեջանական նավթի մատակարարումն Իսրայել»,- արձանագրում է Արմեն Պետրոսյանը: Միևնույն ժամանակ, նա նկատում է, որ Իսրայելի նկատմամբ միջազգային ճնշումը մեծանում է, բայց դա դեռ բավարար չէ Իսրայելին կանգնեցնելու համար, և հրեական պետության պաշտպանության բանակը «մաքսիմալ առաջ կշարժվի», քանի դեռ հնարավորություն կա:

 

Միացյալ Նահանգները ևս, որի շահերից չի բխում իր դաշնակցի դիրքերի թուլացումը, ըստ Պետրոսյանի, այնուամենայնիվ, հնարավորինս ժամանակ շահելով Իսրայելի համար՝ փորձում է ճնշում գործադրել հրեական պետության վրա՝ առնվազն պատերազմի հումանիտար հետևանքները նվազեցնելու համար: Արևելագետն ընդգծում է. «Իսրայելն անխնա կերպով նաև խաղաղ բնակչությանն է թիրախավորում, և այս առումով Իսրայելի և ԱՄՆ-ի մոտեցումների տարբերություն կա»։ 

 

Արմեն Պետրոսյանի համոզմամբ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական սրացումը մեծ հավանականությամբ չի վերածվի տարածաշրջանային լայնածավալ պատերազմի և, նախևառաջ, այն պատճառով, որ Իրանը ձեռնպահ է մնում ուղիղ ներքաշվել հակամարտության մեջ՝ գիտակցելով դրա աղետալի հետևանքներն իր համար: 

 

Ադրբեջանը սպասում է, կգործի ըստ անհրաժեշտության

 

Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո, Հայաստանին խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու և ռազմական ագրեսիայի նախապատրաստման համար մեղադրող Ադրբեջանը, փորձագետի կարծիքով, սպասում է, թե ուժերի ինչ դասավորություն կստեղծվի տարածաշրջանում, որպեսզի գործի դրան համապատասխան: «Ինչպես արդեն նշեցի, պատերազմի հետևանքով էականորեն կարող են թուլանալ Իրանի դիրքերը, և, բնականաբար, կարող են զգալիորեն սրվել Իրան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք մոտ դիրքորոշումներ ունեն Ադրբեջան-Հայաստան խնդիրների առնչությամբ, իսկ այդ ամենը կարող է նպաստել, որ Ադրբեջանը շատ ավելի լավ դիրքերից հանդես գա այս կոնֆլիկտում»,- կարծում է արևելագետ Պետրոսյանը:

 

Ինչ վերաբերում է այս հակամարտության ազդեցությանն իսրայելական զենքի՝ Ադրբեջան մատակարարումների վրա, ապա, փորձագետի խոսքով, «Ադրբեջանի ունեցած զենքի քանակը բավարար է Հայաստանի դեմ կռվելու համար»: 

 

Միևնույն ժամանակ, Պետրոսյանը ենթադրում է, որ պատերազմի ավարտից անմիջապես հետո Իսրայելից 2-3 տարի կպահանջվի սեփական զինանոցը համալրելու համար, ինչը, բնականաբար, չի կարող ընդհանրապես չազդել Բաքվի ռազմական գնումների վրա:

 

Ըստ նրա՝ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցությունը, մեծ հաշվով, չի տուժի մերձավորարևելյան այս պատերազմից, որը, փորձագետի կանխատեսմամբ, «եթե ընթանա ներկա սցենարով, այնքան էլ երկար չի տևելու՝ առավելագույնը մի քանի ամիս»։

 

Հեղինակ՝ Գայանե Ապրունց