ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին Գազայի վերաբերյալ բանաձևում. DW

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չի դատապարտել ՀԱՄԱՍ-ին Գազայի վերաբերյալ բանաձևում. DW



ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը դեկտեմբերի 12-ին քվեարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման պահանջով բանաձևի ընդունման օգտին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 153 պետություն, այդ թվում՝ Բրազիլիան, Իրանը, Իսպանիան, Կանադան, Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիան։ Դեմ է արտահայտվել 10 երկիր, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ն և Ավստրիան։ Քվեարկությանը ձեռնպահ է մնացել 23 պետություն, նաև՝ Գերմանիան։
Նիստի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մերժել է ԱՄՆ-ի ներկայացած ուղղումը, որով  պահանջվում էր դատապարտել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ Ուղղումը պաշտպանել է 84 երկիր, 62-ը դեմ է եղել, ևս 25 պետություն ձեռնպահ է մնացել քվեարկությունից։ Դատապարտող ուղղումը հաստատելու համար անհրաժեշտ էր ձայների երկու երրորդը:
Չի ընդունվել նաև Ավստրիայի ուղղումը, որում նշվում էր, որ ՀԱՄԱՍ-ը և այլ խմբավորումներ իսրայելցի պատանդներ են պահում: Եգիպտոսի և Մավրիտանիայի ներկայացրած բանաձևը պահանջում է անհապաղ մարդասիրական հրադադար, ինչպես նաև ազատ արձակել բոլոր պատանդներին: Փաստաթուղթը հակամարտող բոլոր կողմերից պահանջում է նաև պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևը խորհրդանշական բնույթ է կրում և կատարման համար պարտադիր չէ՝ ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձևի: