Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացում առաջխաղացման շանսերն ավելի են մեծացել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, հավելել՝ այժմ խաղաղության հասնելու ճանապարհին լուրջ խոչընդոտներ չկան:
Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները խաղաղության համաձայնագրի նախագծի բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն: Ամիրբեկովը տեղեկացրել է, որ այժմ կողմերը փոխանակում են համաձայնագրի տեքստի վերաբերյալ դիտողությունները և առաջարկները:
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը կոչ է արել Արևմուտքին չխանգարել տարածաշրջանում ծավալվող խաղաղության գործընթացներին: «Եվրամիության առանձին երկրների դիրքորոշումը բացասաբար է ազդում Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հասնելու գործընթացի վրա»,- պնդել է Ամիրբեկովը։
Պաշտոնյայի խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանի սահմանազատումը խաղաղ գործընթացի անբաժանելի մասն են։
Նա անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»: Պաշտոնյան հերթական անգամ հայտարարել է, թե իբր Երևանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է բացել այդ միջանցքը: «Սա նշանակում է նաև Ասիայի և Եվրոպայի միջև կապի վերականգնում»,- հավելել է Ամիրբեկովը: Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ Բաքուն այլընտրանք է գտել և Նախիջևանի հետ տրանսպորտային կապ կապահովի Իրանի տարածքով:
Պաշտոնական Երևանը մշտապես հայտարարել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա», իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտում է։