Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հրթիռներն օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար. Քիրբի

Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի հրթիռներն օգտագործում է Ուկրաինայի վրա հարձակվելու համար. Քիրբի



Մոսկվայի և Փհենյանի միջև ռազմական համագործակցությունն ուժեղանում է միջազգային ասպարեզում Ռուսաստանի աճող մեկուսացման ֆոնին, և ամանորյա տոների ընթացքում ռուսական զորքերը ԿԺԴՀ-ից ստացած բալիստիկ հրթիռներ են արձակել Ուկրաինայի ուղղությամբ՝ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
Պաշտոնյայի խոսքով՝ վերջերս Փհենյանը Ռուսաստանին մատակարարել է բալիստիկ հրթիռների արձակման կայաններ և նման մի քանի հրթիռ։ Դրանց քանակը Սպիտակ տան ներկայացուցիչը չի նշել, իսկ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստանին ցուցաբերվող աջակցությունը համարել է տագնապալի:

Քիրբին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի տվյալներով՝ իրանական հրթիռների մատակարարման շուրջ Մոսկվայի և Թեհրանի միջև բանակցություններն առաջ են ընթանում: Միջազգային մեկուսացման պատճառով Ռուսաստանը ստիպված է զինտեխնիկա և զենք փնտրել համախոհ երկրներից։ Սակայն Վաշինգտոնի տրամադրության տակ գտնվող տվյալների համաձայն՝ Իրանից Ռուսաստանի Դաշնություն առաքումներ դեռ չեն եղել։