Գերմանիայի օրենսդրությունը թույլ չի տալիս երկրից արտաքսել Ուկրաինայի զինապարտ քաղաքացիներին՝ հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը Welt am Sonntag-ի հետ հարցազրույցում։
«Ես հասկանում եմ Ուկրաինայի կառավարության ցանկությունը՝ արտերկրից հետ կանչել զինապարտ ուկրաինացիներին զինվորական ծառայության համար: Բայց որպես արդարադատության դաշնային նախարար՝ ես ասում եմ, որ գերմանական օրենքը թույլ չի տալիս այդ մարդկանց արտահանձնումը»,- ասել է նախարարը:
Հոկտեմբերին Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել էր, որ Կիևն իրավական մեխանիզմներ է փնտրում՝ վերադարձնելու և պատժելու արտերկիր անօրինական մեկնած զինապարտներին:
Հանրապետության պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն իր հերթին Bild-ի հետ հարցազրույցում խոստովանել է, որ կցանկանար մոբիլիզացնել երկրից հեռացած քաղաքացիներին։ Ըստ նրա՝ արտերկրում ապրող 25-60 տարեկան բոլոր տղամարդիկ պետք է զորակոչային կետ ներկայանալու հրավեր ստանան։
Գերմանիայի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից խորհրդարանի պատգամավոր, Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոդերիխ Կիզեվետերը պաշտպանել է Կիևի մտադրությունը և Բեռլինին կոչ է արել նպաստել այդ նախաձեռնությանը։ Պատգամավորի կարծիքով՝ Գերմանիայում ուկրաինական զորակոչից խուսափողներից հնարավոր է տասը դիվիզիա ստեղծել: