Էկվադորում «ներքին զինված հակամարտություն» է սկսվել. BBC

Էկվադորում «ներքին զինված հակամարտություն» է սկսվել. BBC



Էկվադորում մաֆիայի երկու պարագլխի փախուստը բանտից երկրում խռովությունների, բախումների ալիք է առաջացրել: Երկրի չորս բանտում անկարգություններ են սկսվել, ինչի հետևանքով մաֆիայի պարագլուխները կարողացել են փախչել, իսկ զինված հանցախմբի անդամները բանտերում մոտ 139 մարդ են պատանդ պահում։
Հարձակումներ են կատարվել ոստիկանության աշխատակիցների և պարեկային մեքենաների, նաև զինծառայողների վրա՝ կիրառելով պայթուցիկ նյութեր։ Մի խումբ զինված անձինք էլ լուրերի թողարկման ժամանակ  ներխուժել են Գուայաքիլի TC Televisión հեռուստաընկերության շենք և պատանդ վերցրել ստուդիայում գտնվող աշխատակիցներին։ Ավելի ուշ ոստիկանները մտել են շենք և բերման ենթարկել ներխուժողներից մի քանիսին:
Հաղորդվում է զինված բախումների մասին նաև փողոցներում և մետրոյի կայարաններում: Մաֆիան անկարգություններ ու բախումներ է կազմակերպել ամբողջ երկրում, ոստիկանությունն ու բանակը որոնում են փախուստի դիմած հանցագործներին, կան ձերբակալվածներ։
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում արտակարգ դրություն է հայտարարել: 22 անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորումները նշվում են որպես ահաբեկչական կազմակերպություններ և պատերազմող ոչ պետական ​​սուբյեկտներ: Զինվորականներին հանձնարարված է վնասազերծել այդ հանցավոր խմբերի անդամներին։
Նոբոան հրամայել է «զինված ուժերի և ազգային ոստիկանության մոբիլիզացիա ու միջամտություն»՝ Էկվադորի «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու» և հանցավոր ու ահաբեկչական խմբավորումների գործունեությունը խափանելու համար։ Նախագահն ասել է, որ «նարկոահաբեկչական խմբավորումները» փորձում են ահաբեկել կառավարությանը և հրաժարվել է նրանց հետ բանակցելուց։
Էկվադորը երկար ժամանակ եղել է համեմատաբար հանգիստ պետություն` գտնվելով թմրամիջոցների մաֆիայի խնդիրներ ունեցող, կոկաինի երկու խոշոր արտադրողների՝ Կոլումբիայի և Պերուի միջև:

Սակայն վերջին տարիներին այդ երկրում ակտիվացել  են ինչպես տեղական, այնպես էլ կոլումբիական, պերուական և ալբանական նարկոմաֆիայի խմբավորումները։