ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրափուլը

ԱՄՆ-ում մեկնարկում է նախագահի թեկնածուների ներկուսակցական ընտրափուլը



Երկուշաբթի Այովա նահանգում անցկացվելու են Հանրապետական կուսակցության ակտիվիստների առաջին հանդիպումները, որոնք էլ պաշտոնական մեկնարկ են տալու  նախագահի հանրապետական թեկնածուի որոշման գործընթացին։
Չնայած եղանակային վատ պայմաններին՝ հանրապետականները որոշել են հավատարիմ մնալ 50-ամյա ավանդույթին և անցկացնել թեկնածուի առաջին ընտրությունը: Այս տարի դեմոկրատները փոխել են ժամանակացույցը և Նյու Հեմփշիր նահանգում կուսակցության նախագահի թեկնածուին ընտրելու են հունվարի 23-ին:
Այովա նահանգում առաջադրման համար պայքարելու է հանրապետական չորս թեկնածու՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին, Ֆլորիդայի նահանգապետ Ռոյ Դե Սանտիսը և գործարար Վիվեկ Ռամասվամին։
BBC-ի տվյալով՝ հանրապետականների մեծամասնությունն աջակցում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որը, ի դեպ, ներկայումս 4 տարբեր դատական գործընթացում է ներգրավված:  Երկրորդ տեղի համար լուրջ պայքար է գնալու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիի և Ֆլորիդայի ղեկավար Ռոն Դե Սանտիսի միջև, որոնք գրեթե հավասար դիրքերում են:
Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ ամերիկացի ընտրողներին հիմնականում երկու հարց է հուզում՝ սահմանային անվտանգությունը և տնտեսությունը:  Այովայում կազմակերպված հանրահավաքում Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում կազմակերպել ԱՄՆ պատմության ամենազանգվածային արտաքսումը: «Բոլորին կվերադարձնենք այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է Թրամփը։
Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես 2024 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածուի անունը հայտարարելու է հուլիսի 15-ին՝ Վիսկոնսին նահանգի Միլվոքի քաղաքում կայանալիք համագումարում։ Թեկնածուն պետք է ստանա 1215 պատվիրակի աջակցությունը:

ԱՄՆ նախագահի ընտրությունը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերի 5-ին: