Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ Գազայի հատված դեղամիջոցներ կմատակարարվեն

Կատարի և Ֆրանսիայի միջնորդությամբ Գազայի հատված դեղամիջոցներ կմատակարարվեն



Կատարի ԱԳՆ-ն երեքշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի բնակչությանը բժշկական պարագաներ մատակարարել՝ առևանգված իսրայելցիներին անհրաժեշտ դեղամիջոցներ փոխանցելու դիմաց։
Հաղորդվում է, որ դեղորայքով և այլ անհրաժեշտ մարդասիրական բեռներով ինքնաթիռը Դոհայից բեռները կհասցնի Եգիպտոսի Էլ-Արիշ, որտեղից Ռաֆահ անցակետով՝ Գազա։
Կատարն ու Ֆրանսիան հանդես են եկել որպես միջնորդներ դեղերի մատակարարման շուրջ բանակցություններում։ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ բանակցությունները սկսվել են առևանգվածների ընտանիքների նախաձեռնությամբ և տևել մի քանի շաբաթ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստեղծել է հատուկ խումբ՝ Իսրայելից ստացված ցուցակների հիման վրա պատանդների համար դեղերի փաթեթ կազմելու համար։ Դեղորայքը Կատարը գնել է շաբաթ օրը, սակայն դրանց տեղափոխման մեխանիզմի շուրջ բանակցությունները ձգձգվել են։ Արդյունքում որոշվել է, որ դեղերը տեղ կհասցնի Կարմիր խաչը։