Չինաստանի տնտեսությունը 2023 թվականին աճել է 5,2 տոկոսով ՝ հասնելով կառավարության պաշտոնական նպատակին, սակայն աճի տեմպերի հետ կապված մտահոգությունները պահպանվում են՝ անշարժ գույքի երկարատև ճգնաժամի, սպառողների և բիզնեսի վստահության նվազման և թույլ գլոբալ աճի ֆոնին, գրում է Aljazeera-ն:
Չինաստանի վիճակագրության ազգային բյուրոն հայտնել է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության համախառն ներքին արդյունքի աճը 5,2 տոկոսով «մեծ դժվարությամբ է ձեռք բերվել», և զգուշացրել է, որ 2024 թվականին տնտեսությունը կբախվի բարդ արտաքին միջավայրին և անբավարար պահանջարկին:
2022 թվականի վերջին COVID-19-ի դեմ միջոցառումների չեղարկումից հետո Պեկինն իր առջև խնդիր էր դրել «մոտ 5 տոկոս» տնտեսական աճ ապահովել:
Հետհամաճարակային վերականգնումից հետո տնտեսությունը հայտնվել է անշարժ գույքի շուկայում շարունակվող ճգնաժամի բեռի տակ, որտեղ իշխանությունները փորձել են զսպել հսկայական պարտքերն ու շահարկումները, ինչպես նաև երիտասարդության ռեկորդային գործազրկությունն ու համաշխարհային տնտեսության անկումը:
Համաձայն ուրբաթ մաքսային գործակալության հրապարակած թվերի՝ արտահանումը, որը պատմականորեն աճի առանցքային լծակ է, անցյալ տարի 2016 թվականից ի վեր նվազել է առաջին անգամ: Տնտեսական աճի վրա բացասաբար են ազդել նաև ԱՄՆ-ի հետ աշխարհաքաղաքական լարվածությունը և որոշ արևմտյան երկրների ջանքերը ՝ նվազեցնելու Չինաստանից կախվածությունը կամ դիվերսիֆիկացնելու մատակարարումները:
Ելույթ ունենալով Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում՝ Չինաստանի վարչապետ Լի Ցիանն ասել է, որ իր երկիրը «լավ և ամուր հիմքեր ունի երկարաժամկետ զարգացման համար», և որ Պեկինը «հավատարիմ կմնա արտաքին աշխարհին բաց լինելու իր հիմնական ազգային քաղաքականությանը»:
Լին Չինաստանում ներդրումներ կատարելու որոշումը համարել է «ոչ թե ռիսկ, այլ հնարավորություն»: