Պաղեստինի հարցում ԱՄՆ-ն և Իսրայելը տարբեր կարծիքներ ունեն. Euronews

Պաղեստինի հարցում ԱՄՆ-ն և Իսրայելը տարբեր կարծիքներ ունեն. Euronews



Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հնարավոր չի համարում Գազայի հատվածում գործողության ավարտից հետո պաղեստինյան պետության ստեղծումը, և այդ դիրքորոշումը նա բացատրել է Միացյալ Նահանգներին։
Նա ընդգծել է, որ Հորդանան գետից արևմուտք ընկած բոլոր տարածքները պետք է վերահսկի Իսրայելը։ Նա ընդունել է, որ դա հակասում է ԱՄՆ դիրքորոշմանը, ըստ որի Գազայի հատվածում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը համարվում է պարտադիր, և այս հարցում ԱՄՆ-ն և Իսրայելը տարակարծիք են, գրում է Euronews-ը։
Միաժամանակ, ըստ The Times of Israel-ի, Նեթանյահուն նշել է, որ նման քաղաքականությունը չի խանգարի Իսրայելին շարունակել բարելավել հարաբերությունները արաբական պետությունների հետ։
Նա նաև ասել է, որ Իսրայելը կշարունակի պայքարել ՀԱՄԱՍ խմբավորման դեմ, քանի դեռ այն ամբողջությամբ չի ջախջախվել, իսկ դա կարող է ամիսներ տևել: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել, որ Իսրայելը Գազայի հատվածից երբեք սպառնալիք չստանա։
Նեթանյահուն ընդգծել է, որ գործողության դադարեցումը «կվնասի Իսրայելի անվտանգությանը սերունդների համար» և հակառակորդներին ցույց կտա երկրի թուլությունը:
Ելույթ ունենալով Դավոսում կայացած ֆորումում ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկին բացատրել է, որ պաղեստինյան պետության ստեղծումը կկայունացնի իրավիճակը Մերձավոր Արևելքում և երկարաժամկետ հեռանկարում կերաշխավորի Իսրայելի անվտանգությունը։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն էլ շեշտել է, որ Իսրայելի համար խաղաղություն «կարող է լինել միայն Պաղեստին պետության առկայության դեպքում»։ Սակայն այժմ, ըստ նախարարի, Իսրայելի գործողությունները վտանգում են նրա ապագա խաղաղության և անվտանգության հեռանկարները։