Այսօր Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցն է:
Դինքը լրագրող էր մի երկրում, որտեղ ազատամիտ լրագրողները հետապնդվում ու հալածվում են: Եվ որպես խաղաղության մարտիկ` նա հալածվում էր ազգայնականների կողմից:
Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թ. ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ: Մեծացել է Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ՝ Ռաքել Դինքի հետ:
Դինքը, ինչպես և բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում բարձրաձայնում էին Հայոց ցեղասպանության մասին, Քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածով դատապարտվել է կես տարվա ազատազրկման:
Դինքը հետապնդումների է ենթարկվել հատկապես իսլամացված և ծպտյալ հայերի մասին հրապարակումների պատճառով: Հատկապես աղմկահարույց էր Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի հայկական ծագման մասին բացահայտումը:
«Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը»,- իր հարցազրույցներից մեկում ինքն իրեն այսպես է բնորոշել նա:
Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, հետևից արձակված 3 կրակոցից։ Այս հանցագործությունը կարելի էր պատահականություն կամ սխալմունք համարել, եթե Դինքը հայտնված չլիներ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ նա հանրահայտ էր դարձել այն պարզ պատճառով, որ փորձել էր հակադրվել Թուրքիայի օրենքներին ու հասարակական կարծիքին։ Աշխարհի առաջատար մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը։
Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման համար մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը: