Փարիզում «Սննդային հակահարված» կոչվող խմբի ցուցարարները ապուր են լցրել Լեոնարդի դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավի վրա՝ ասելով. «Պահանջում ենք առողջ սնունդ, մեր գյուղատնտեսության համակարգը հիվանդ է»,- գրում է BBC-ն:
Խումբը X-ում տարածած հայտարարության մեջ ասել է, որ բողոքի ակցիան «պարենը սոցիալական ապահովության ընդհանուր համակարգում» ինտեգրելու ջանքերի մի մասն է:
Քանի որ նկարը պատված է զրահապակիով, այն չի վնասվել։
Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավի վրա առաջին հարձակումը եղել է 1956 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնտոբան թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։ Այցելուներից մեկը ծծմբաթթու է շաղ տվել նկարի վրա՝ վնասելով կտավի ստորին հատվածը։
Նույն տարում բոլիվիացի երիտասարդը քար է նետել նկարի վրա, ինչի հետևանքով Ջոկոնդայի ձախ արմունկի վրա հազիվ նկատելի հետք է հայտնվել:
Այդ ժամանակից որոշվել է նկարը ծածկել զրահապակիով, ինչն էլ այն պաշտպանել է հետագա հարձակումներից։ 1974 թ. ճապոնացի զբոսաշրջիկը ներկ է շաղ տվել նկարի վրա, 2009 թվականին ռուս զբոսաշրջիկը բաժակ է նետել Մոնա Լիզայի ուղղությամբ, 2022 թվականին մեկ այլ այցելու տորթ է նետել նկարի վրա՝ մարդկանց կոչ անելով «մտածել մոլորակի մասին»։
Կտավի գողության միակ դեպքը եղել է 1911 թվականին: Լուվրի աշխատակից Վինչենցո Պերուջիան գիշերը թաքնվել է պահարանում՝ «Մոնա Լիզան» գողանալու համար։ Նկարը հայտնաբերվել է երկու տարի անց, երբ նա փորձել է Ֆլորենցիայում այն վաճառել հնաոճ իրերի վաճառողին: