Amnesty International-ը ՄՔԴ-ին կոչ է արել հետաքննել Արևմտյան ափին պաղեստինցիների սպանությունները

Amnesty International-ը ՄՔԴ-ին կոչ է արել հետաքննել Արևմտյան ափին պաղեստինցիների սպանությունները



Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պետք է հետաքննի Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիների վրա հաճախակի դարձած հարձակումները և նրանց սպանությունները, հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ իսրայելցի զինվորների գործողությունները որակելով ռազմական հանցագործություն:
Կազմակերպության տվյալով՝ իսրայելցի զինվորականները վերջին մի քանի ամսվա  ընթացքում ակտիվացրել են գործողություններն Արևմտյան ափին, որոնց ընթացքում պաղեստինցիների նկատմամբ անհարկի ուժ է կիրառվում, կատարվում են անօրինական սպանություններ, ինչպես նաև հրաժարվում են բժշկական օգնություն ցուցաբերել տուժածներին։ Հոկտեմբերի 7-ից հետո Արևմտյան ափին մոտ 507 պաղեստինցի է սպանվել, այդ թվում՝ 81 երեխա:
Amnesty International-ը կոչ է արել ՄՔԴ դատախազին հետաքննել սպանությունները և հարձակումները «որպես հնարավոր ռազմական հանցագործություններ», որոնք, ըստ կազմակերպության, հանդիսանում են «մարդու իրավունքների միջազգային օրենսդրության կոպտագույն խախտում»:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին հակաահաբեկչական գործողության ժամանակ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 3 հազար հետախուզվող պաղեստինցի, որից մոտ կեսը կասկածվում է ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու համար։