Եռակողմ հայտարարության մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ. վարչապետ

Եռակողմ հայտարարության մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ. վարչապետ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որևէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով, հնարավոր չէ դա գտնել, չկա էդպիսի բան, որ որևէ այլ երկիր ՀՀ որևէ տարածք վերահսկելու է, խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների մասին։ Դուք գիտեք նաև, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար ստեղծել և առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Դա մեր տեսլականն է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ինչ վերաբերում է վտանգներին, նշել է՝ այն խոսույթը, որն օգտագործում է Ադրբեջանի ղեկավարը, արդեն ազդանշան է, որ կան վտանգներ:
«Ինչպե՞ս է պետք դիմակայել այդ վտանգներին: Առաջին հերթին դա  նաև միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Խաղաղության խաչմերուկի»-ի ստեղծման պատճառներից մեկը ո՞րն էր. Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տալ որևէ մեկին։
Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որևէ բան վերահսկի, 9-րդ կետում այդպիսի բան չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չի, որովհետև և ՌԴ-ն և Ադրբեջանը նախորդ կետերով իրանց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա:
Եվ դա այդ թվում ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- եզրափակել է խոսքը Նիկոլ Փաշինյանը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին