Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 19-ին կսկսի 1967 թվականից ի վեր պաղեստինյան տարածքներում Իսրայելի գործողությունների իրավական հետևանքների մասին լսումները: Սպասվում է, որ դատավարությանը ելույթ կունենա 52 երկրի ներկայացուցիչ, գրում է DW-ն։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2022 թվականի դեկտեմբերին դիմել էր Արդարադատության միջազգային դատարանին՝ գնահատելու «օկուպացված Պաղեստինի տարածքում, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմում, Իսրայելի քաղաքականության և գործելակերպի իրավական հետևանքները»: Խոսքը վերաբերում է նաև «Իսրայելի կողմից Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շարունակական ոտնահարմանը»: Բացի այդ, ակնկալվում է, որ Հաագայի դատարանը կպատասխանի այն հարցին, թե ինչ հետևանքներ ունի ստեղծված իրավիճակը ՄԱԿ-ի և այլ երկրների համար։
Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքը պարտադիր ուժ չունի։ Դատավարությունը տեղի է ունենում Իսրայելի վրա աճող միջազգային իրավական ճնշման ֆոնին՝ Գազայի հատվածում նրա ռազմական գործողության պատճառով՝ ի պատասխան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման հարձակմանը: