ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել

ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել



Եվրամիությունը Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, և իրականացնել ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրահանձնաժողովի հանձնարարականներով եվրաինտեգրման ճանապարհին։ Հայտարարությունն արվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստում:
Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ թեկնածու երկրի կարգավիճակը, որը Վրաստանին տրվել է 2023 թվականի դեկտեմբերին, նոր մակարդակի ջանքեր է պահանջում։
Նա նշել է, որ Բրյուսելը մտադիր է մեծացնել Թբիլիսիին տրամադրվող օգնությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամից՝ անվտանգության և պաշտպանության ոլորտում: Այժմ այդ գումարը կազմում է 63 մլն եվրո։
Նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը մտադիր չէ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ չնայած Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակին։
«Մենք պատժամիջոցներ չենք կիրառում և այդ առումով ունենք շատ ամուր փաստարկներ։ Միևնույն ժամանակ, Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար»,-ասել է Կոբախիձեն, նաև վստահեցրել, որ Թբիլիսին ակտիվորեն աջակցում է Կիևին՝ «ելնելով վրաց և ուկրաինացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող հատուկ բարեկամությանից»։