ԱՄՆ-ը երեքշաբթի՝ փետրվարի 20-ին, վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ բանաձևի ընդունման նկատմամբ, որը պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ հումանիտար նպատակներով: Բանաձևի նախագիծը պատրաստել է Ալժիրը, դրա ընդունմանը կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի ներկա 15 անդամներից 13-ը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ Դա երրորդ նման բանաձևն է, որը ձախողվում է ԱՄՆ-ի վետոյի պատճառով, գրում է DW-ն:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ Ալժիրի առաջարկած բանաձևի ընդունումը «չի նպաստի կայուն խաղաղությանը և, ըստ էության, կարող է ունենալ հակառակ արդյունքը»:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի աջակցում բանաձևին, քանի որ այն կարող է խանգարել ընթացող բանակցություններին:
Միաժամանակ ԱՄՆ-ն առաջ է քաշել Գազայի հատվածի վերաբերյալ իր բանաձևի նախագիծը, որում կոչ է անում «ժամանակավոր հրադադար հաստատել՝ Գազայի հատվածում իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու դիմաց»։ Այն նաև նախատեսում է Գազա մարդասիրական օգնության առաքման սահմանափակումների վերացում։
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանն ասել է, որ «հրադադարը մեկ նպատակի կհասնի՝ կօգնի ՀԱՄԱՍ-ին գոյատևել»։
Միաժամանակ ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրն ընդգծել է, որ պաղեստինյան անկլավի բնակիչները «շատ ծանր վիճակում են հայտնվել» ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի պատճառով։ «Անհապաղ զինադադարը միակ ճանապարհն է փրկելու «մեկուկես միլիոն պաղեստինցիների կյանքը Ռաֆահի շրջանում»,- ասել է Մանսուրը: