ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կիրակի ժամանել է Կահիրե՝ մասնակցելու հրադադարի հարցով բանակցությունների նոր փուլին, սակայն մասնակիցները հրաժարվել են մեկնաբանել գործարքի հնարավորությունները, հայտնում է Euronews-ը:
Իսրայելը հայտարարել է, որ պատվիրակություն չի ուղարկի Կահիրեի բանակցություններին, քանի որ ՀԱՄԱՍ-ը պատանդների ցուցակ չի ներկայացրել։
Պաղեստինյան զինված խմբավորումը հայտարարել էր, որ չի ընդունի պատանդներին ազատ արձակելու գործարքը, քանի դեռ Իսրայելը մշտական հրադադար չի հաստատել Գազայում։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում կատարելով խմբավորման ռազմական թևի ներկայացուցչի հայտարարությանը։
ԱՄՆ-ը ճնշում է գործադրում ՀԱՄԱՍ-ի վրա՝ զինադադարի հասնելու համար մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամիսը, որը պետք է սկսվի մարտի 10-ին կամ 11-ին, հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:
Euronews-ն էլ հայտնում է, որ Ֆրանցիսկոս Պապը հավատացյալներին ուղղված իր ամենշաբաթյա ուղերձում կոչ է արել հրադադար հաստատել Իսրայելի և Համասի միջև պատերազմում և համընդհանուր զինաթափում իրականացնել։
Իր հերթին, սննդի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայքլ Ֆախրին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ՝ ասելով, որ դա Գազայում հրադադարի հասնելու միակ ճանապարհն է, որտեղ, նրա խոսքով, «կարող է սով սկսվել»։