ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասին թույլ է տվել ձերբակալել և բանտարկել միգրանտներին 20.03.2024 . Միջազգային

ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասին թույլ է տվել ձերբակալել և բանտարկել միգրանտներին
		20.03.2024 . Միջազգային


ԱՄՆ Գերագույն դատարանը Տեխասի իշխանություններին թույլատրել է կիրառել ներգաղթի մասին ամենակոշտ օրենքներից մեկը, որն ընդունվել է վերջերս, գրում է BBC-ն:

Այն թույլ է տալիս ոստիկանությանը ձերբակալել և հետապնդել այն անձանց, որոնք կասկածվում են Մեքսիկայի սահմանն անօրինական հատելու համար:

Սպիտակ տունը օրենքը հակասահմանադրական է անվանել։ ԱՄՆ-ի սահմանն անօրինական հատելն արդեն դաշնային հանցագործություն է, սակայն գործերը սովորաբար քննվում են քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ ներգաղթի դատարաններում:

Պատճառներից մեկը, որ Տեխասի տվյալ օրենքը հակասություններ է առաջացրել այն է, որ դատարանները նախկինում որոշել են, որ միայն դաշնային կառավարությունը կարող է կիրառել երկրի ներգաղթի մասին օրենքները, այլ ոչ թե առանձին նահանգներ:

Մինչդեռ այդ օրենքը տեղական ոստիկանությանն իրավունք է տալիս կանգնեցնել և ձերբակալել սահմանն անօրինական հատելու համար կասկածվողներին: Տույժերը ներառում են ազատազրկում կամ տուգանք՝ մինչև 2000 ԱՄՆ դոլարի չափով:

ԱՄՆ-ից արտաքսվելուց հետո անօրինական կերպով Տեխաս մուտք գործած անձանց համար պատիժները շատ ավելի խիստ կլինեն՝ մինչև 20 տարվա ազատազրկում՝ կախված անձի ներգաղթի պատմությունից և քրեական անցյալից:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին