Թուրքիան աջակցում է «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած նրա հանցագործություններին. Իսրայել Կաց 25.03.2024 . Միջազգային

Թուրքիան աջակցում է «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած նրա հանցագործություններին. Իսրայել Կաց
		25.03.2024 . Միջազգային


Իսրայելի արտգործնախարարն X-ի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքին: «Ես կարգադրել եմ կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին, որպեսզի նրան խիստ նկատողություն հայտնեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասին Էրդողանի հնչեցրած խոսքի և Նեթանյահուին Ալլահի մոտ ուղարկելու սպառնալիքների համար»,- գրել է Իսրայել Կացը:

Նա նաև նշել է, որ թուրքական կողմն աջակցում է Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և մարդկության դեմ իրականացրած վերջինիս հանցագործություններին: Էրդողանը վերջերս Կայսերի քաղաքում անցկացրած նախընտրական հանրահավաքում խոսել էր Իսրայելի վարչապետի մասին: «Նեթանյահուին թողնում եմ Աստծո դատաստանին և հույս ունեմ, որ Իսրայելի վարչապետը կարժանանա երկնային պատժի»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջյու Քեչելին պատասխանել է Իսրայելի արտգործնախարարի խոսքին։ X-ի իր էջում կատարած գրառման մեջ նա նշել է, որ «պատմության մեջ առաջին անգամ ողջ համաշխարհային հանրությունն անհամբեր սպասում է այն օրվան, թե երբ են հանցագործություն կատարած իսրայելցի պաշտոնյաները բերման ենթարկվելու։ Թուրքիան մինչև վերջ կշարունակի ճշմարտությունն ասել և առաջին պլան բերել Պաղեստինի ժողովրդի հալածանքները»,- գրել է խոսնակը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին