Ադրբեջանում COP-29-ի անցկացումը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի արդյունք է․ Ալիև

Ադրբեջանում COP-29-ի անցկացումը Հայաստանի հետ խաղաղության գործընթացի արդյունք է․ Ալիև



Նախորդ հանդիպումից ի վեր շատ բան է տեղի ունեցել Ադրբեջանում։ Եվ այդ բոլոր իրադարձությունները դրական են զարգացել, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, սահմանի սահմանազատումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու պատիվը։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«COP-29-ը խաղաղության գործընթացի արդյունք է։ Համաժողովի հավելյալ օրակարգը, որ Ադրբեջանը կառաջարկի, խաղաղությունն է։ Խաղաղության գործընթացի շնորհիվ մենք դարձանք համաժողովի հյուրընկալող երկիր, քանի որ Հայաստանը հանեց իր վետոն։ Մենք ևս նրանց ընդառաջ գնացինք։ Դա ավելին է, քան COP-29-ի անցկացումը։ Դա մեր երկրների միջև վստահություն ձևավորեց։ Ամենամեծ մարտահրավերը փոխվստահության բացակայությունը կամ ցածր մակարդակն է եղել։ Այս դեպքը ցույց տվեց, որ մենք կարող ենք առնվազն չգործել միմյանց դեմ ամեն քայլափոխի։ Պարտադիր չէ, որ միմյանց աջակցենք, բայց կարող ենք լինել չեզոք։ Եվ սա հաջողություն է»,- ասել է Ալիևը։  
Անդրադառնալով սահմանազատմանը՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դեռ շատ անելիքներ կան, և ավելի շատ փոխվստահություն կպահանջվի Հայաստանի հետ։ Նա կարևորել է այդ ուղղությամբ երկու երկրների գործադրած ջանքերը։