Իսրայելում աճում է քաղաքական լարվածությունը՝ կապված պատերազմից հետո Գազայի հատվածի ճակատագրի հետ։ Իսրայելի ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը սպառնացել է հրաժարական տալ, եթե վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատերազմի ավարտից հետո Գազայի հատվածում գործողությունների ծրագիր չառաջարկի։
Գանցը Նեթանյահուից պահանջել է մինչև հունիսի 8-ը վեց ռազմավարական նպատակներին հասնելու ծրագիր ներկայացնել՝ պատանդների վերադարձ, ՀԱՄԱՍ-ի կառավարության տապալում, Գազայի հատվածի ապառազմականացում, անկլավի նկատմամբ վերահսկողություն, դրանում քաղաքացիական վարչակազմի ստեղծում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և արաբական երկրների հետ համատեղ: Բացի այդ, նա պահանջել է մինչև սեպտեմբերի 1-ը ապահովել հյուսիսային Իսրայելի բնակիչների վերադարձն իրենց տներ, ձգտել կարգավորել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ:
Նեթանյահուն մերժել է Գանցի պահանջները՝ պատճառաբանելով, որ դրանք նշանակում են «Իսրայելի պարտություն, պատանդների մեծ մասից հրաժարում, ՀԱՄԱՍ-ի իշխանության պահպանում և պաղեստինյան պետության ստեղծում»:
Բենի Գանցի հայտարարությունը հետևել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարությանը: Նա կոչ էր արել Նեթանյահուին հրապարակայնորեն խոստանալ, որ Իսրայելը չի հաստատի իր քաղաքացիական կամ ռազմական իշխանությունը Գազայում: