Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միմյանց մեղադրել են ազգային շահերին դավաճանելու համար՝ Թբիլիսիում մայիսի 26-ին անցկացված Անկախության օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքի ժամանակ։ Վրաստանի ղեկավարների միջև հակամարտությունը սրվել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման շուրջ հակասությունների ֆոնին, որը նախագահը և հասարակական կազմակերպությունները համարում են «Օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենսդրության պատճենը:
Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր ելույթում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել պահպանել երկրի եվրաինտեգրման կուրսը։ Նա իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության համար:
Նախագահի ելույթից հետո ամբիոն է բարձրացել վարչապետ Իրակլի Կոբախիձեն և հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ հաղթահարել է իր անկախությունն ու ինքնիշխանությունը խաթարելու փորձերը։ «Ժողովրդի և նրանց ընտրած իշխանությունների միասնությունն էր, որ թույլ տվեց մեզ խուսափել բազմաթիվ սպառնալիքներից ու դավաճանություններից, այդ թվում՝ Վրաստանի նախագահի դավաճանությունից: Չնայած դրան, մենք կարողացանք պահպանել խաղաղությունը վերջին երկու տարում»,-ասել է Կոբախիձեն:
Նույն օրը երեկոյան հասարակական կազմակերպությունները երթ են անցկացրել՝ կրելով Վրաստանի և ԵՄ դրոշները, ինչպես նաև վանկարկելով բողոքի կարգախոսներ, մասնավորապես՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրենքի մասին։