Իսրայելը հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին. Բայդեն

Իսրայելը հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ-ին. Բայդեն


Իսրայելը Կատարի միջոցով հրադադարի նոր առաջարկ է ներկայացրել ՀԱՄԱՍ շարժմանը՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը:

 

Ջո Բայդենի խոսքով՝ այն բաղկացած է երեք փուլից՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերում և ՀԱՄԱՍ-ի գերեվարած պատանդների վերադարձ, անժամկետ զինադադար և Գազայի հատվածի վերականգնման մեկնարկ։ Առաջին փուլում նախատեսվում է վեցշաբաթյա հրադադար հաստատել։

 

Սպիտակ տան ղեկավարը թե՛ ՀԱՄԱՍ-ին, թե՛ Իսրայելի իշխանությանը կոչ է արել հետևել այդ ծրագրին՝ հաշվի առնելով, որ, ըստ Բայդենի, Իսրայելում հակամարտությունը երկարաձգելու կողմնակիցներ կան: «Աշխատում ենք «երկու պետության» բանաձևով կարգավորման ուղղությամբ՝ ապահովելու անվտանգություն, բարգավաճում և կայուն խաղաղություն Իսրայելի և Պաղեստինի համար»,- շեշտել է Բայդենը:

 

Նա համոզմունք է հայտնել, որ գործարքը կնպաստի Իսրայելի անվտանգությանը: Նա միաժամանակ աջակցություն է հայտնել ինքնապաշտպանվելու՝ Իսրայելի իրավունքին և խոստացել լինել Թել Ավիվի կողքին:

 

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Գազայի հատվածում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ: Բայդենը դատապարտել է Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի համար ձերբակալման օրդեր տրամադրելու՝ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի պահանջը:

 

ՀԱՄԱՍ-ն ընդհանուր առմամբ դրական է արձագանքել հրադադարի առաջարկին: Իսրայելական կողմը հայտարարել է, որ անելու է հնարավորը՝ վերադարձնելու գերիներին, սակայն չի հրաժարվում ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու նպատակից: