Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ հետ ԱԳՆ և ՊՆ գծով շփումներում, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը՝ նշելով, թե իբր դա Արևմուտքի կողմից ճնշումների արդյունք է։
«2023-ի նոյեմբերից ԱԳ նախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները հետաքրքրվածություն չեն ցուցաբերել ԱԳ նախարարությունների միջև խորհրդակցությունների հերթական պլանի մշակման և կնքման վերաբերյալ մեր առաջարկի նկատմամբ։ Ոչ մեր մեղքով նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփման դինամիկան։ Սրանում տեսնում ենք արևմտամետների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,- ասել է նա՝ այդուհանդերձ հույս հայտնելով, որ հայկական իշխանությունների կողմից բարձրաձայնված տրամադրվածությունը՝ առկա խնդրահարույց հարցերի լուծման վերաբերյալ, կյանքի կկոչվի։
«Մենք դրան պատրաստ ենք»,- ասել է նա՝ նշելով, որ Երևանի ու Մոսկվայի միջև շփումները շարունակվում են։
ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել է՝ Մոսկվան վերահաստատում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատում մայիսի 10-11-ին Ղազախստանում ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի մշակման հարցով։
«Հանդիպման անցկացումը կողմերին հնարավորություն է տվել առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղով։ Այս ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ է կատարվել»,- ասել է նա։