Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 78-րդ նստաշրջանում ընդունել է Վրաստանի և աշխարհի տարբեր տարածաշրջանների 63 երկրի նախաձեռնած՝ «Աբխազիայից, Վրաստանից և Ցխինվալի տարածաշրջանից/Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալով՝ բանաձևին աջակցել է 103 պետություն, դեմ է քվեարկել 9 երկիր, 52-ը ձեռնպահ են մնացել: Հայաստանն աջակցել է բանաձևին։
Փաստաթղթին դեմ քվեարկած ինը երկրների թվում են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Զիմբաբվեն, Նիկարագուան, Մալին, Կուբան և Բուրունդին։
Քվեարկությանը ձեռնպահ մնացած երկրների թվում էին Չինաստանը, Իսրայելը, Իրանը:
Արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ Վրաստանն այդ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա է ներկայացնում 2008 թվականից։
«Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում բռնի ուժով իրականացված ժողովրդագրական փոփոխությունները, վերահաստատում է տեղահանվածների՝ անկախ էթնիկ պատկանելությունից, իրենց տները արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը, ինչպես նաև ընդգծում է նրանց սեփականության իրավունքները հարգելու և պաշտպանելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բանաձևը նաև կոչ է անում ժնևյան բանակցությունների մասնակիցներին ակտիվացնել ջանքերը նշված շրջաններում անվտանգության և մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ, ինչը, իր հերթին, կնպաստի հարկադիր տեղահանվածների և փախստականների վերադարձին իրենց տներ։
«Բացի մարդասիրական համատեքստից, բանաձևն ունի նաև գործնական նշանակություն, քանի որ այն հանձնարարում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տարեկան զեկույց պատրաստել Վրաստանում բնակվող տեղահանված բնակչության վիճակի և բանաձևի կատարման վերաբերյալ»,- նշում է Վրաստանի ԱԳՆ-ը։