ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ընդունում է երդվյալ ատենակալների որոշումը, որով իր որդի Հանթերը մեղավոր է ճանաչվել զենքի պահպանման օրենքը խախտելու համար: Նախկինում նա խոստացել էր չօգտվել ներման իրավունքից, եթե որդին մեղավոր ճանաչվի։
«Ջիլը (Ջիլ Բայդեն, Միացյալ Նահանգների առաջին տիկին) և ես միշտ կլինենք Հանթերի և մեր ընտանիքի մյուս անդամների կողքին՝ ցուցաբերելով սեր և աջակցություն»,- ասել է Բայդենը։
Դատական նիստին ներկա է եղել Միացյալ Նահանգների առաջին տիկինը։ Հանթեր Բայդենը մոր և կնոջ՝ Մելիսա Քոհեն Բայդենի հետ լքել է դատարանի շենքը։ NBC News-ի փոխանցմամբ՝ նախագահի որդին ասել է, որ երախտապարտ է իր ընտանիքին՝ աջակցության համար։ Նրա փաստաբան Էբբի Լոուելը հայտնել է, որ փաստաբանական թիմը հիասթափված է երդվյալ ատենակալների որոշումից:
Հանթեր Բայդենը մեղավոր է ճանաչվել հունիսի 11-ին զենքի խախտման բոլոր երեք կետերով։ Ժյուրիի որոշմամբ՝ նա ստել է թմրանյութ չօգտագործելու մասին, երբ գնել է Colt Cobra 38SPL ատրճանակ։ ԱՄՆ նախագահի որդուն սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և մինչև 750 հազար դոլար տուգանք: Գործով դատավճռի հրապարակման օրը դեռ նշանակված չէ։