Բելգիա պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մասնակցել է ՆԱՏՕ + Ադրբեջան ձևաչափով քաղաքական երկխոսությանը:
Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության վիճակը և հեռանկարը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովի նախապատրաստական աշխատանքը:
Օրակարգում է եղել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման և խաղաղության գործընթացի առաջմղման հարցը: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները ողջունել են կառույցի առաքելություններին Բաքվի մասնակցությունը և Ուկրաինային տրամադրվող աջակցությունը:
Հաջիևը հանդիպել է նաև ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորայի գլխավորած պատվիրակության հետ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: