Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը. Զելենսկի

Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը. Զելենսկի


Շվեյցարիայում մեկնարկել է Խաղաղության երկօրյա գագաթնաժողովը։ Ըստ Շվեյցարական կողմի՝ դրան մասնակցում է 92 երկիր և 8 կազմակերպություն։ Համաժողովին ընդառաջ՝ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել էր, որ ի թիվս այլ հարցերի՝ օրակարգում են միջուկային և պարենային անվտանգությունը, ռազմագերիների, տեղահանվածների, ուկրաինացի երեխաների վերադարձը։
Նշվում է, որ բացի օրակարգային հիմնական թեմաներից, սեղանին է նաև հարցը, թե երբ և ինչպես Մոսկվան կարող է ընդգրկվել խաղաղության գործընթացում: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը ռուսական պատվիրակություն չի հրավիրվել:
Գագաթնաժողովի բացման արարողությանը Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը և Կիևի խաղաղության բանաձևն էլ ծնվել է դրան վերջ տալու անհրաժեշտությունից:
Շվեյցարիայի նախագահն էլ նշել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության խաղաղ գործընթաց անհնար է պատկերացնել և երկարաժամկետ լուծումը պետք է ներառի երկու կողմերին էլ:
«Սակայն կարգավորման գործընթացը պետք է հանգեցնի Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության հիմքի ստեղծմանը, որը հիմնված է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության վրա», – շեշտել է Վիոլա Ամհերդը։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։