ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է վերսկսել միջին և փոքր հեռահարության հրթիռների արտադրությունը և դրանց տեղակայումն «անվտանգությունն ապահովելու համար»։ Միաժամանակ նա վկայակոչել է 5 տարի առաջ Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից դուրս գալու ԱՄՆ որոշումը։
Կրեմլի ղեկավարը հավելել է, որ «ԱՄՆ-ն ոչ միայն արտադրում է այդ հրթիռային համակարգերը, այլև դրանք բերել է Եվրոպա՝ Դանիայում վարժանքների համար»։ Բացի դրանից՝ «հայտարարվել է, որ դրանք գտնվում են Ֆիլիպիններում»,- ասել է նա։
Միացյալ Նահանգներն էլ պնդում է, որ Ռուսաստանն առաջինն է խախտել Միջին հեռահարության միջուկային զենքի մասին պայմանագիրը՝ ստեղծելով 9M729 թևավոր հրթիռը, որը կարող է համալրվել միջուկային մարտագլխիկով։ Ի պատասխան՝ Միացյալ Նահանգները 2019 թվականի փետրվարին դադարեցրել է մասնակցությունը պայմանագրին։ Մոսկվան հերքել է այդ մեղադրանքները և հակընդդեմ պահանջներ ներկայացրել Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ։
Խորհրդային տարիներին 500-5500 կմ հեռահարությամբ հրթիռները հագեցած էին միջուկային մարտագլխիկներով։ Դրանք ոչնչացվել են ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի միջև 1987 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն։