ԱՄՆ-ը եղել է ամբողջ աշխարհում վերջին 50 տարվա ընթացքում տեղի ունեցած պատերազմների ուղղակի կամ անուղղակի մասնակիցը: Այդ մասին Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ Մերձավոր Արևելքում այժմ ընթացող ակտիվ ռազմական գործողությունների համար ևս նա մեղադրել է Միացյալ Նահանգներին:
«ԱՄՆ-ն արդեն սկսել է հետաքրքրվել նաև Հարավային Կովկասով։ Սակայն Ադրբեջանը միշտ վարել է անկախ քաղաքականություն և շարունակելու է այն»,- նշել է պատգամավորը՝ Վաշինգտոնին մեղադրելով Հայաստանին աջակցելու համար, հայտարարել՝ ԱՄՆ-ի ցանկությունները չեն իրականանա:
ԱՄՆ Կոնգրեսում վերջին 4 տարվա լսումներն ու ելույթները Նովրուզովը որակել է «լուրջ հարված» Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ և բազմակողմ հարաբերություններին։
«Հարավային Կովկասի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականության հիմնական նպատակն է ճնշում գործադրել մեր երկրի վրա, որպեսզի թույլ չտա Ադրբեջանին տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնել»,- հավելել է պատգամավորը:
Ավելի վաղ ադրբեջանցի 40-ից ավելի պատգամավոր նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարարին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագծերը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ այդ կերպ ադրբեջանցի պաշտոնյաները ցանկանում են պատասխանել Էնթոնի Բլինքենին ամերիկացի կոնգրեսականների ուղղած նամակին, որով նրանք կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «ռազմական հանցագործությունների, գերիներին ազատ չարձակելու և Հայաստանի տարածքի օկուպացիայի համար»: